ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է բաց մրցույթ

2014-05-23

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է բաց մրցույթ Ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)  կողմից տրվում է հայտարարություն «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի /այսուհետ` ՊՈԱԿ/ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթը կանցկացվի 2014 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11-ին, Ծառայության շենքում (հասցե` Երևան, Հր. Քոչարի 4):

 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա, կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Փախստականների և ապաստանի մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Ծառայության աշխատակազմի ընդհանուր բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1. դիմում

2. մեկ լուսանկար` 3x4 չափի

3. աշխատանքային գրքույկի պատճենը

4. ինքնակենսագրություն

5. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները

6. տեղեկանք` մշտական բնակության վայրից

7. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/

8. հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:

 Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Ծառայության աշխատակազմի ընդհանուր բաժին   կամ   զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 22-50-31: