ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային քննարկումներ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծի շուրջ

2017-04-26

2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությանը: Որոշման 2-րդ կետով հանձնարարվել է շահագրգիռ պետական մարմինների հետ մշակել նշված  ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

Ս.թ. ապրիլի 21-23-ին Ծաղկաձորում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում» (MIBMA) ծրագրի շրջանակներում անցկացվեցին քննարկումներ ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ.  ռազմավարության գործողությունների ծրագրի շուրջ:  Պետական մարմինների ներկայացուցիչներից բացի, քննարկումներին մասնակցում էին նաև միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը և ՄՔԶՄԿ երևանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆստրան: Հանդիպմանը միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործմանն ուղղված գործողությունների առնչությամբ իր նկատառումները հայտնեց  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիրվիրթը: Միջոցառմանը ներկա էր նաև Հարավային Կովկասում ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհանես վան դեր Կլաուվը:

Քննարկումներ ծավալվեցին գործողությունների ծրագրի նախագծում ներառված յուրաքանչյուր ուղղության ներքո շարադրված գործողությունների բովանդակության, դրանց կատարման մոնիտորինգի ցուցիչների, կատարման ժամկետների և պատասխանատու մարմինների շուրջ:

Ակնկալվում է փաստաթղթի վերաբերյալ մինչև ս.թ. մայիսի 6-ը հանդիպման մասնակիցների կողմից ստանալ գրավոր առաջարկություններ, որոնք ամփոփելուց հետո նախագիծը պաշտոնապես կուղարկվի պետական մարմիններ կարծիքի: ՄՔԶՄԿ երևանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆստրան իր պատրաստակամությունը հայտնեց անհրաժեշտության դեպքում հունիսին կազմակերպել փաստաթղթի վերջնական համաձայնեցմանն ուղղված քննարկումներ: Ծրագրվում է նախագիծը հուլիսին  ներկայացնել ՀՀ կառավարության հավանությանը: