ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Չեխական պատվիրակության այցը ՄՊԾ

2017-05-25

Ս/թ. մայիսի 25-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ընդունեց Չեխիայի օտարերկրացիների հարցերով ոստիկանության ղեկավար, գնդապետ Միլան Մայերին, ում ուղեկցում էին Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպանատան աշխատակիցները՝ դեսպան Պետր Միկիսկայի գլխավորությամբ։

Պարոն Եգանյանը ողջունելով հյուրերին ներկայացրեց Ծառայության կառուցվածքն ու գործառույթները, մանրամասն անդրադառնալով Ծառայության կողմից միգրացիայի և ապաստանի ոլորտում իրականացվող քայլերին` ներառյալ քաղաքականության մշակման և ծառայությունների տրամադրման գործառույթներին: Ներկայացրեց Հայաստանում ապաստան հայցողների վիճակագրությունը, վերջերս ՀՀ կառավարության կողմից ընդունված փախստականների և երկարաժամկետ իմիգրանտների ինտեգրման նոր հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը: Անդրադարձ եղավ նաև ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին և համաձայնագրին կից կիրարկող արձանագրությունների կնքման գործառույթներին:

Չեխական կողմն իր հերթին անդրադարձ կատարեց Չեխիայում սահմանահատումների վերաբերյալ իրավիճակին, փախստականների ճգնաժամի հետ կապված տարվող գործողություններին և առկա վիճակագրական տվյալներին:

Հանդիպման ավարտին առաջարկվեց զարգացնել համագործակցությունը կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ոլորտում: Մասնավորապես, չեխական կողմն ունենալով հարուստ փորձառություն այս բնագավառում, պատրաստակամություն հայտնեց իր մոտ կազմակերպել Հայաստանի համապատասխան ծառայության աշխատակիցների ուսուցումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԵՄ-Հայաստան ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում հայ-չեխական կիրարկման արձանագրության մշակման և դրա ստորագրման հետ կապված հարցերը։