Անձին հաշմանդամության ճանաչում, խմբորոշում, հաշմանդամության սահմանման ժամկետներ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, արտոնություններ, կենսաթոշակի չափ և վերականգնողական անհատական ծրագիր

  1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի համաձայն բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները, որոնց կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Համաձայն ՀՀ կառավարության 2006թ. մարտի 2-ի N 276-Ն որոշման, բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող հանձնաժողովը:
  3. Նույն որոշմամբ, օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում  կարող են  անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
  4. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ:

Հաշմանդամության խումբը կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան:

  1. Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչև 18 տարին լրանալը և անժամկետ: 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:
  2. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»  ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն`  հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում և օգտվում են որոշմամբ սահմանված արտոնութուններից, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման համաձայն`  հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկված են արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք  բերելու  իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում և 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար, իսկ 3-րդ խումբը` 50 տոկոս զեղչով դեղեր ձեռք բերելու արտոնությունից,  ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշման համաձայն`  հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան,  ստանալու պրոթեզաօրթոպեդիկ  և վերականգնողական պարագաներ,  ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 որոշման համաձայն` 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն էլեկտրատրանսպորտով  (մետրո, տրոլեյբուս) անվճար երթևեկելու:
  3. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած  1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներն և հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցողներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
  4. Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված  1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցողների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:
  5. Հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի հաստատած, հաշմանդամների վերականգնողական բազային ծրագրին համապատասխան մշակած վերականգնողական անհատական ծրագրով: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:
  6. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաշմանդամության աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմնական կենuաթոշակի չափը հաշվարկվում է`

1) առաջին խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխաների համար` հիմնական կենսաթոշակի  140 տոկոսը.

2)  2-րդ խմբի հաշմանդամների համար`  հիմնական կենսաթոշակի 120 տոկոսը.

3)  3-րդ խմբի հաշմանդամների համար`  հիմնական կենսաթոշակի 100 տոկոսը:

www.mlsa.am