Լյուսի Աբդալյան

Ես արդեն չորս տարի է ինչ Հայաստանում եմ: Սա այն վայրն է, որտեղ ես գալիս եմ հանգստանալու, որտեղ ես խաղաղ եմ և կարող եմ ստեղծագործել: Որպես նկարիչ` ես միշտ փորձում եմ ճանապարհորդել և փորձել նոր բաներ: Մարդու ստեղծագործական գործունեության համար շատ լավ է զգալ նոր շունչ, այցելել նոր վայրեր և հանդիպել նոր մարդկանց:

Լյուսին ծնվել է Լիբանանում: Երբ նա մոտ 4 տարեկան էր, նա հիշում է իր ընտանիքի տեղափոխությունը Կանադա` Մոնրեալ քաղաք: «Ես հիշում եմ լեզվի չիմացությունը և այլ երեխաների հետ իմ շփման փորձը, ովքեր խոսում էին ֆրանսերեն: Այնտեղ հանգիստ էր և լիովին տարբերվում էր պատերազմական գոտում ապրելուց: Մոնրեալում կար մեծ հայկական համայնք, և ես հաճախում էի Սուրբ Հակոբ հայկական դպրոցը (համարվում էր Քվեբեկի լավագույն դպրոցներից մեկը): Մեզ դասավանդում էին երեք լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն և հայերեն, ու մենք ամեն օր ունեինք հայերենի դասեր»:

«Երբ ես չորս տարեկան էի, իմ հայրը պնդեց որ ես գնամ դաշնամուրի դասերի: Դա ինձ իրականում դուր չէր գալիս. ես կարծում էի, որ կարող եմ այլ բան անել` օրինակ նկարել: Իմ երրորդ դասարանի ուսուցիչ պարոն Թուֆենկյանը առաջին մարդն էր, ով ցույց տվեց թէ ինչ է իրականում արվեստը: Ես հիշում եմ, թե ինչպես էի ոգեշնչվել Գոյայի ներքև նայող կնոջ նկարով և նրա ստորագրությամբ նկարի ներքևում: Դրանից հետո ես որոշեցի դադարեցնել իմ երաժշտական կրթությունը: Այնուամենայնիվ, ամենախիստ հայկական ընտանիքներում շատ ծնողներ իրականացնում են իրենց երազանքները սեփական երեխաների միջոցով: Բայց ես վաճառեցի իմ դաշնամուրը հենց ավարտական համերգի օրը և էլ այլևս երբեք չեմ նվագել»: Լյուսին սկսել է նկարել իր համար և կախել իր աշխատանքները տան մոտակայքում: Նրա ընկերներից մեկը, տեսնելով նրա նկարները, առաջարկել է նրան կազմակերպել իր աշխատանքների ցուցահանդես պատկերասրահում: Իր դիմումից մեկ ամիս անց նա նկատել է, որ իր անունը տպագրվել է Սան Ֆրանցիսկոյի 7 X 7 ամսագրում, և իր աշխատանքը ներառված է եղել սկսնակ նկարիչների ցուցահանդեսում: «Եվ այդպես սկսվեց: Ես սկսեցի զանգեր ստանալ Նյու Յորքից, և իմ հավաքածուն սկսեց մեծանալ, քանի որ ես շատ ավելին ունեի ասելու»:

«Ես ապրել եմ Նյու Յորքում հինգ տարի և շատ աշխատել, բայց այնտեղ էներգիան և մթնոլորտը այնքան ուժեղ է, որ դու չես կարողանում հանգստանալ: Դա ամենամեծ տարբերությունն էր, որ ես զգացել եմ, երբ սկսել եմ պարբերաբար գալ Հայաստան: Ամեն ինչ այնքան հանգիստ էր, ինչպես խաղաղված օվկիանոսը փոթորկից հետո: Վերջապես ես կարող էի լսել իմ զգացմունքները»:

Որոշ ժամանակ անց Լյուսիի աշխատանքների երկրպագուներից մեկը մոտեցել է նրան Նյու Յորքում` ասելով, որ տեսել է նրա աշխատանքներից մեկը և ցանկանում է գնել այն: Լյուսիի համար այն հասարակ գործ էր, բայց այնուամենայնիվ դա ազդեց նրա վրա, և դա ամենակարևոր բանն էր Լյուսիի համար: Նա ասում է, որ իր հանդիսատեսի էներգիան ոգեշնչում է իրեն:

«Ես նկարում էի երիտասարդ աղջիկներին իրենց տխրության ժամանակ, և ռեժիսոր Մարիա Սահակյանը կապվեց ինձ հետ` ասելով, որ ցանկանում է օգտագործել իմ կերպարները նոր մուլտֆիլմում, որը նա պլանավորել էր նկարահանել: Նա տվեց ինձ ազատություն ինքնուրույն ընտրել կերպարները, նրանց դիմահարդարումը, հագուստը և մազերը: Չնայած նրան որ ես մինչ այդ նման բան չէի արել, ես մտածեցի որ ոչինչ չեմ կորցնում փորձելով: Հենց այդ ժամանակ ես հանդիպեցի Լիլիթ Մովսիսյանին: Այն ժամանակ, երբ ես ապրում է Նյու Յորքում, մենք սկսեցինք շփվել, և չորս ամիս անց նա ինձ ասաց, որ ֆիլմ է նկարահանում և ինձ դեր է առաջարկում: Բնականաբար ես ասացի նրան, որ մասնագիտությամբ դերասան չեմ, բայց նա պնդեց, որ իր ֆիլմում մի կերպար ունի, որն իդեալական է ինձ համար: Եվ այսպե մենք սկսեցինք նկարահանումները»:

«Ես փորձել եմ ամենաարտասովոր բաները, ամենատարբեր, աներևակայելի և հրաշալի բաները: Նրանք պատահում են անկախ այն վայրից, որտեղ ես ապրում եմ, բայց այն, ինչ կատարվում է Հայաստանում, ավելի արժեքավոր է ինձ համար, որովհետև ես հայ եմ: Օրինակ` ես երբեք չեմ մտածել, որ մի օր մրցանակի կարժանանամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն բեմի վրա: Զգացմունքները, որ դու ստանում ես, աննկարագրելի են: Դու պարզապես ցանկանում ես, որ քո ծնողները լինեն այնտեղ, որպեսզի ցույց տաս, թե ինչի ես հասել: Իհարկե ես կարող էի անել նույն բանն այլ վայրում, բայց այն փաստը, որ ես արել եմ դա Հայաստանում, Երևանում, նշանակում է, որ ես ներդրում եմ ունեցել իմ երկրի և ազգի համար»:

«Վերջերս, էներգիան, որ ճառագայթում է իմ աշխատանքներից, ավելի է ուժեղացել: Ես այստեղ հանդիպել եմ այնպիսի մարդկանց, որոնց ես չէի հանդիպի աշխարհի և ոչ մի կետում: Նրանք շատ ջերմ և նվիրված են քեզ: Նույնիսկ, եթե քեզ ինչոր բան պետք լինի առավոտյան ժամը երեքին, նրանք կշարժեն երկինքն ու երկիրը այդտեղ լինելու համար: Հենց այդպիսի մարդկանց եմ ես փնտրել, և այդպիսի մարդկանցով եմ փորձել ինձ շրջապատել»:

Լյուսին նաև հիշում է ճանապարհորդությունների և միայնակ մնալու հանդեպ իր վախը: Սակայն Հայաստանում ապրելը միայնակ ապրելու, ապահով և հանգիստ զգալու վստահություն են տվել նրան:

«Իմ հարաբերություններում ես սովորել եմ շատ չարտահայվել: Նախանձը բավականին գերիշխող է այստեղ: Կարծում եմ, եթե էներգիան, որը մարդիկ կենտրոնացնում են նախանձի և ատելության վրա, ուղղեն դեպի աշխատանքը, Հայաստանը շատ հզոր երկիր կլիներ: Այստեղ իրոք շատ տաղանդավոր մարդիկ կան:

Երբ ես Նյու Յորքում եմ, ես զգում եմ ինձ ինչպես հաճելի արձակուրդում, բայց Հայաստանը իմ տունն է: Երբ ես արտերկրում եմ, կարոտում եմ Հայաստանի հետ կապված ամեն բան` օդը և նույնիսկ փոշին: Ես միշտ զարմանում եմ, երբ մարդիկ հարցնում են, թե ինչու եմ ես վերադարձել: Ինչու՞ ես չպետք է ցանկանամ այստեղ ապրել: Ես չգիտեմ հստակ ինչն է ինձ դուր գալիս, որ ես այստեղ եմ, բայց ես գիտեմ, որ միայն այստեղ եմ ես լինում կատարելապես խաղաղության մեջ: Հայաստանը մի վայր է, որտեղ իմ հոգին կարող է հանգստանալ, և լինել այնպիսին, ինչպիսին կամ` առանց դիմակների: Ես գտել եմ ինձ այստեղ»: