Հայրենիքը կանչում է

 Որքան էլ ծանր լինեն սոցիալական պայմանները, գոյատևելը` դժվար, երբեմն անհնար, այնուամենայնիվ հայրենի հողը ձգող է ու տուն կանչող: Իսկ կարոտը մի անբացատրելի զգացում է, որ կարող է վրա հասնել ամենագեղեցիկ վայրերում և անկոչ հյուրի նման հայտնվել ամենաանսպասելի պահերին:

 Խաչատրյանների ընտանիքը հեռացել էր Հայաստանից  2005թ.-ին: Հունաստանում իրենց շատ լավ էին վերաբերվում, սկսել էին տիրապետել լեզվին, երկու որդիները հաճախում էին դպրոց, իսկ դուստրը դեռ փոքր էր: Աշխատանք ունեին, օրվա հացի խնդիր առավել ևս չկար: Ամեն ինչ լավ էր, թվում էր ոչինչ չպետք է խանգարեր ընտանիքին Հունաստանում ընդմիշտ հաստատվելուն: Սակայն որդիները մեծացան, օտարների բարքերին ու սովորույթներին  դժվարությամբ էին հարմարվում: Մի օր էլ մեծ որդին հայտարարեց, որ շուտով իր 18 տարին է լրանում և ինքը հայրենիքին պարտք ունի տալու, պետք է  ծառայի հայկական բանակում: Անակնկալի եկած ծնողները սկզբում առարկեցին: Ժամանակին թողել են ամեն ինչ, դժվարություններ հաղթահարելով հասել օտար ափեր ու հաստատվել, վերադարձը հաստատ ավելի դժվար է լինելու: Ինչպես, ինչ միջոցներով են վերադառնալու հայրենիք, ինչ են անելու Հայաստանում, անորոշության և անելանի դրության մեջ էր ընտանիքը: Սակայն տղան անդրդվելի էր…

 Մի օր էլ հայտարարեց, որ գտել է իրենց ընտանիքի փրկօղակը` դա Կարիտաս կազմակերպությունն է, որն օգնում է իրենց նման  պանդուխտներին հաստատվել հայրենիքում: Ընտանիքը չէր հավատում տղայի երևակայական թվացող պատմությանը, սակայն Կարիտասի աշխատակիցների հետ հանդիպումը նրանց վերադարձրեց իրականություն` հայ իրականություն: Հայաստանում նրանց ընդունեց ու աջակցեց Հայակական Կարիտասը: Վերանորոգվեց նրանց սեփական տունը, գնվեց կենցաղային տեխնիկա և կահույք, տրամադրվեց անտոկոս փոխառություն` կոշիկի արտադրություն հիմնելու նպատակով, իսկ որդիները ծառայում են հայկական բանակում:

 Նրանք ասում էն, որ ճիշտ է  դժվարություններ շատ կան, բայց իրենք հայրենիքում են, մենակ չեն, “Հայկական Կարիտասը” իրենց կողքին էր ամենածանր պահերին ամենամտերիմ հարազատի նման: Կազմակերպության կողմից տրամադրված նյութական և բարոյական աջակցությունը իրենց օգնեց լցվել լավատեսությամբ ու վստահությամբ:

ԵՄ-ից կամավոր վերադարձած ՀՀ քաղաքացու պատմություն, ”Միգրացիա և Զարգացում” ծրագրի շահառու

Նյութի հրապարակումը ֆինանսավորվում է Լիխտենշտեյնի  կառավարության և Կարիտաս Ավստրիայի աջակցությամբ: