ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերաինտեգրման ուղղորդման կենտրոն (ՎՈՒԿ)

Վերադարձը Հայաստան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Վերաինտեգրումը երբեմն կարող է բարդ գործընթաց լինել: Գուցե երկար ժամանակ արտերկրում գտնվելուց հետո կորցրե՞լ եք Ձեր փաստաթղթերը: Մտահոգված եք, թե վերադարձից հետո ինչպե՞ս եք աշխատանք գտնելու: Չգիտե՞ք, թե ներկայումս Հայաստանում որոնք են մասնագիտական կրթության և ուսուցման ընթացակարգերը: Ձեր երեխաները դպրոց հաճախելու համար բավարար չափով հայերենին չե՞ն տիրապետում:

Բոլոր նրանց համար, ովքեր արտերկրից վերադառնալուց հետո Հայաստանում հաստատվելու աջակցության կարիք ունեն, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության հետ սերտ համագործակցությամբ հիմնել է Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը:

 ՎՈՒԿ-ն աջակցում է Եվրոպական միության անդամ պետություններից և աշխարհագրական այլ տարածաշրջաններից Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին: Կենտրոնում պահվում է Հայաստանում առկա վերաինտեգրման բոլոր ծրագրերի վերաբերյալ պարբերաբար թարմացվող տեղեկատվություն: Ծրագրի շրջանակներում տրամադրվում է վերաինտեգրման աջակցություն: Վերադարձողները կարող են նաև ուղղորդվել այլ կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրերի:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ՎՈՒԿ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 ՎՈՒԿ-ի ծառայություններից կարող են օգտվել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներն անկախ իրենց հարկադիր կամ կամավոր վերադարձի հանգամանքից: Տրամադրված աջակցությունը կախված է յուրաքանչյուր վերադարձողի կարիքներից և այն փաստից, թե արդյոք նա համապատասխանում է ծրագրերի ընդունելիության չափանիշներին: Չափանիշների թվում է արտերկրում անցկացրած և վերադարձից հետո Հայաստանում գտնվելու ժամանակահատվածը:

Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՕԳՏՎԵԼ

  • վերաինտեգրման անհատական ծրագրի մշակման,
  • իրավաբանական և սոցիալական հարցերով ընդհանուր խորհրդատվության տրամադրման,
  • գործարար ծրագրի մշակման  և սեփական բիզնես հիմնելու գործում օժանդակության,
  • մասնագիտական կրթության ստացման և ուսուցման կազմակերպման գործում աջակցության,
  • առողջապահական աջակցության ուղղորդման,,
  • երեխաների և չափահասների համար կազմակերպված  հայոց լեզվի դասընթացներից:

Վերաինտեգրման անհատական ծրագրի մշակում

 Հարցազրույցների արդյունքում ՎՈՒԿ-ի խորհրդատուն կօգնի մշակել Ձեր վերաինտեգրման անհատական ծրագիրը:

Իրավաբանական և սոցիալական հարցերով ընդհանուր խորհրդատվություն

 Խորհրդատուն Ձեզ տեղեկատվություն կտրամադրի Հայաստանում առկա տարաբնույթ սոցիալական ծառայությունների և անհրաժեշտ փաստաթղթերի ստացման ընթացակարգերի մասին, ինչպես նաև կուղղորդի Ձեզ համապատասխան իրավասու հաստատություններ և մարմիններ:

Գործարար ծրագրի մշակում սկսնակ գործարարների համար

 Եթե ցանկանում եք հիմնել Ձեր սեփական փոքր բիզնեսը, կարող եք ներգրավվել ծրագրի`սկսնակ գործարարներին տրամադրվող աջակցության բաղադրիչում: Մասնակցությունը հիմնված է Ձեր անհատական դեպքի գնահատման վրա՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են նախկին գործունեությունը, գործարար հմտությունները և ծրագրերի կանոններով պայմանավորված այլ չափանիշներ:  Ըստ այս բաղադրիչի՝ կարող է նախատեսվել գործարար ծրագրի մշակում և օժանդակություն փոքր ձեռնարկության ստեղծմանը: Ծրագրի մաս են կազմում նաև օրենսդրության և իրավական պահանջների վերաբերյալ խորհրդատվությունը, ինչպես նաև առկա վարկերի/փոխառությունների մասին տեղեկատվության տրամադրումը: Սահմանափակ դեպքերում տրամադրվում են դրամաշնորհներ  կամ փոխառություններ:

http://smednc.am/?laid=2&ttp://smednc.am/

Մասնագիտական վերապատրաստում/ հայոց լեզվի  դասընթացներ

 Նրանք, ովքեր լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեն հայաստանյան աշխատաշուկայում մրցունակ լինելու համար և hամապատասխանում են աջակցության տրամադրման չափանիշներին, կարող են օգտվել մասնագիտական վերապատրաստման կամ վերաորակավորման կարճաժամկետ դասընթացներից: Ի հավելումն, երեխաների և չափահասների համար հայոց լեզվի դասընթացներ կանցկացվեն համապատասխան ուսումնական հաստատությունները կողմից:

http://armspu.am/aboutus/ln/am/t/87

Առողջապահական օժանդակություն

 ՎՈՒԿ-ը Ձեզ կտեղեկացնի գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող առողջապահական օժանդակության մասին:

http://www.normed.am/index.php?lang=hy

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

 Խնդրում ենք հարցազրույց նշանակելու համար կապ հաստատել ՎՈՒԿ-ի խորհրդատուի հետ՝ զանգահարելով, էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելով կամ ուղղակի այցելելով ՎՈՒԿ: Բացի այդ, համակարգը հնարավորություն է տալիս առցանց եղանակով համաձայնեցնել խորհրդատուի հետ հանդիպման օրը և ժամը, որի համար անհրաժեշտ է մտնել <Հանդիպել խորհրդատուին> ենթամենյուն և հետևել հրահանգներին:

 Պետք է ներկայանալ անձնագրով և անհրաժեշտ այլ փաստաթղթերով, որոնցով հնարավոր է տեղեկություններ ստանալ արտերկրում Ձեր գտնվելու և Հայաստան վերադարձի ժամկետների մասին:

 Եթե կայքում չեք գտնում Ձեզ անհրաժեշտ օժանդակության վերաբերյալ տեղեկատվություն, ապա խնդրում ենք կապ հաստատել ՎՈՒԿ-ի հետ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ամենաթարմ տեղեկատվությունը ստանալու համար:

Ընդհանուր տեղեկատվություն

 ՎՈՒԿ-ը հիմնադրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի կողմից: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության 8 անդամ պետությունների կոնսորցիումի կողմից՝ Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի գլխավորությամբ: Ծրագիրը համագործակցում է վերաինտեգրման աջակցություն ցուցաբերող Հայաստանում գործող այլ կազմակերպությունների հետ: Վերաինտեգրման աջակցությունը տրամադրվում է կամ ծրագրի, կամ այլ կազմակերպությունների կողմից:

 Ծրագրի ավարտից հետո ՎՈՒԿ-ը կգործի Միգրացիոն պետական ծառայության կազմում: